Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարչապետն աշխատանքային քննարկում է ունեցել առողջապահության նախարարի հետ

Վարչապետն աշխատանքային քննարկում է ունեցել առողջապահության նախարարի հետ
15.11.2020 | 14:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նա ներկայացրել է կորոնավիրուսի իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված՝ առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանը, շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել:


«Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում», - ասել է նախարարը: Թորոսյանը տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու հերթին սպասող 553 քաղաքացի կա: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: «Վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39564 ակտիվ դեպք, 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- նշել է նա: Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար:

«Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է 2 000բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները»,- հավելել է նախարարը: Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ:

Դիտվել է՝ 3420

Մեկնաբանություններ